Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին
24.11.2026 | 12:25

Նոյեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նախօրեին՝ նոյեմբերի 22-ին, քահանայական ձեռնադրության և օծման արժանացած ինը նորաօծ քահանաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը բերելով եկեղեցականներին, շնորհավորեց վերջիններիս քահանայական ձեռնադրության առիթով՝ պատգամելով հավատարիմ մնալ Սուրբ Խորանի առջև տված ուխտին և նախանձախնդրությամբ ու անմնացորդ նվիրումով իրականացնել իրենց հոգևոր սպասավորությունը՝ ի սեր Աստծո, հայրենիքի, մեր ժողովրդի ու Սուրբ Եկեղեցու։

Անդրադառնալով քահանայական ծառայության բարձր կոչմանը՝ Հայոց Հայրապետը նորընծաներին թելադրեց Ավետարանի հետևողական քարոզությամբ և ուսուցմամբ զորացնել հայորդյաց քրիստոնեական գիտակցությունը, որպեսզի հավատքը չլինի սոսկ ժառանգված ավանդություն, այլ՝ անձնական համոզմունք և կենդանի ապրում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց եկեղեցականներին հովվական մշտարթուն խնամքով ու բարի օրինակով առավել ամրապնդել Եկեղեցի-հասարակություն կապը և իրենց գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել մեր ժողովրդի հոգևոր կյանքի վերելքին և Մայր Եկեղեցու պայծառությանը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորընծաներին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ